ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Պայմանավորվել են չհրապարակել մանրամասները

Պայմանավորվել են չհրապարակել մանրամասները
04.03.2016 | 01:15

«Մոգերինին եկավ-օրհնեց «նորապսակներին»,- ԱԺ կուլուարներում այս կատակը ձևավորվեց կոալիցիայի ներկայացուցիչների հետ ԵՄ գերագույն հանձնակատար տիկին Մոգերինիի հանդիպումից հետո։ Իսկ ավելի լուրջ՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Սոգերինիի հետ հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են տարբեր բնույթի, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր։ Ինքնին հարց առաջացավ՝ ինչո՞ւ չէր կարելի, որ կոալիցիայի հետ հանդիպմանը ներկա լիներ նաև խորհրդարանական ընդդիմությունը, ինչո՞ւ հանդիպումը տիկին Մոգերինիի հետ կայացավ առանձին։

«ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ»

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
(ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար)


-Անկեղծ ասած, չգիտեմ ինչ հարցեր են քննարկել կոալիցիայի հետ, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ Ղարաբաղին վերաբերող քննարկում չի եղել։ Ընդամենը եղել է երկու դիտարկում խնդրի շուրջ, որից մեկը ներկայացրել է իմ գործընկեր Վարդան Օսկանյանը, մյուսը, եթե չեմ սխալվում, Ալեքսանդր Արզումանյանը։ Այսինքն, այդ հարցին շատ կարճ անդրադարձ է եղել։ Հիմնականում քննարկվել են սահմանադրական հանրաքվեին և ընտրական օրենսգրքին առնչվող հարցեր։ Սակայն, քանի որ կա պայմանավորվածություն քննարկումների բովանդակության չհրապարակման մասին, հարգելով այդ պայմանավորվածությունը, չեմ մանրամասնի։ Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե ինչո՞ւ հանդիպումն առանձին կայացավ, ապա այդ ձևաչափով հանդիպումները նորություն չեն, ինչը տրամաբանական է՝ Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության և ընդդիմության տեսլականներում տարաձայնություններ կան։ Տիկին Մոգերինիի հետ հանդիպմանը քննարկվել են Ընտրական օրենսգրքի և 2017-ի ապագա ընտրություններին առնչվող հարցեր։ Բնական է, որ այդ քննարկումները պետք է լինեին առանձին։
-Եթե հետևենք քննարկվող հարցերի տրամաբանությանը, կարելի է ենթադրել, որ Եվրամիությանն այս պահին հետաքրքրում է Հայաստանում նախատեսվող ընտրական գործընթացը։
-Եվրոպական մեր գործընկերներին հետաքրքրում է մեկ հարց՝ Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրությունները կանցնե՞ն ազատ, արդար և թափանցիկ։
-Տիկին Զոհրաբյան, քանի որ խոսեցինք կոալիցիայից, չեմ կարող չհարցնել։ Առաջին դեպքը չէ, որ ՀՀ-ում ձևավորվում է կոալիցիոն իշխանություն։ Հետաքրքիր է, որ այն երկար կյանք չի ունենում։ Որքան էլ կոալիցիա կազմող քաղաքական ուժը փորձի լավ ծրագրեր իրականացնել, այնուհանդերձ, կա քաղաքական մի կուրս, որի շրջանակից դուրս կոալիցիան չի կարող գործել։ Ըստ Ձեզ, սա՞ է պատճառը, որ կոալիցիան երկար չի դիմանում, թե՞ կան այլ պատճառներ։
-Ես այդ երևույթը քաղաքական կուրս չէի անվանի, այլ քաղաքական մենաշնորհ՝ իրերը կկոչեի իրենց անունով։ Այսօր, ի դեմս ՀՀԿ-ի, քաղաքական մենաշնորհ է, և դա է պատճառը, որ տարբեր ժամանակներում տարբեր քաղաքական ուժեր կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ, սակայն դոմինանտ ուժը եղել է ՀՀԿ-ն։ Այդ իսկ պատճառով 2012-ին ԲՀԿ-ն, հավաքելով 450 հազար ձայն, հրաժարվեց կոալիցիային մաս կազմելուց։ Բոլոր դեպքերում, ես իսկապես հաջողություն եմ մաղթում ՀՀԿ և ՀՅԴ համագործակցությանը։ Ինքս անձնապես չեմ հավատում կարճաժամկետ կոալիցիաների արդյունավետությանը, բայց, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք գուցե չարախնդում են կամ չեն ցանկանում, որ այդ համագործակցությունը հաջողվի, ցանկանում եմ, որ պայմանագրով սահմանված կետերը հաջողություն գրանցեն։ Ցանկացած հաջողություն առաջին հերթին ՀՀ-ինն է։ Ես առանձնապես լավատես չեմ, սակայն անկեղծորեն ցանկանում եմ, որ նրանք հաջողություն ունենան, և թող որ ես լինեմ այս երկրի միակ հոռետեսն ու վատատեսը։


«ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)


-Պարոն Բաղդասարյան, ո՞րն է երաշխիքը, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցությունը կարդարացնի իրեն։ Խնդրում եմ՝ հղում չանեք համագործակցության պայմանագրով նախանշված կետերին, որովհետև նախկինում էլ, երբ իշխանությունները կոալիցիա էին կազմում այլ քաղաքական ուժերի հետ, դարձյալ նման պայմանագրեր էին կնքվում, սակայն կոալիցիոն իշխանությունը, այնուամենայնիվ, երկար կյանք չէր ունենում։
-Այս համագործակցությունն էապես տարբերվում է նախորդներից։
-Ինչո՞վ։
-Նոր սահմանադրությունն ինքնըստինքյան ենթադրում է համագործակցություն քաղաքական ուժերի հետ։ Այն միտված է ոչ միայն քաղաքական դաշտի կայունացմանը, այլև քաղաքական փոքրամասնությունների դիրքերի ամրապնդմանը։ Այս նոր պայմաններում եթե չլինի քաղաքական համագործակցություն (լինի մեկ իշխանություն), ապա խորհրդարանական համակարգը կիմաստազրկվի։ Դուք գիտեք, որ ՀՀԿ-ն ոչ մի խնդիր չի ունեցել ԱԺ-ում մենիշխանության ընթացքում, դրա հետ մեկտեղ մենք միշտ հանդես ենք եկել համագործակցության կոչերով, ընդ որում, բոլոր քաղաքական ուժերի հետ։ Նոր սահմանադրությունն այդ համագործակցությունը պարզապես հրամայական է դարձնում։ Եվ համագործակցության գործընթացը պետք է շարունակվի։
-Այսինքն, նոր ստեղծված կոալիցիային 2017-ի ընտրություններից հետո կարող են միանալ նո՞ր ուժեր։
-Մենք ոչինչ չենք բացառում։ Քաղաքական ուժերի նոր վերադասավորում է սպասվում 2017-ից հետո, նայած, թե ժողովուրդն ում կտա իր վստահությունը և ինչ պահանջներ կներկայացնի, ըստ այդմ էլ հնարավոր են նոր քաղաքական վերադասավորումներ՝ տարբեր ձևաչափերով։ Նկատեմ, որ խորհրդարանական համակարգն ինքն է թելադրում այդ մոտեցումը։
-Ըստ էության, ութ ամիս հետո կայանալու են նոր ընտրություններ՝ նոր Ընտրական օրենսգրքով, ինչը ենթադրում է կառավարության նոր կազմ, նոր համագործակցություն։ Այդ դեպքում ինչով էր պայմանավորված, որ կառավարության կառուցվածքային, կադրային փոփոխություններն իրականացվեցին ընտրություններից առաջ, իսկ ներքաղաքական դաշտում շուտափույթ ձևավորվեց կոալիցիա։ Ինչո՞ւ իշխանությունը գնաց ռադիկալ քայլերի, չէ՞ր կարելի սպասել ընտրությունների ավարտին։
-Եթե մենք փոփոխություններ իրականացնեինք մեկ տարի հետո, այդ ժամանակ էլ ասելու էին՝ ինչու իշխանություններն իրենց գործողությունները մեկ տարով ուշացրին։ Այս պահին իրականացվող քայլերն սկսվեցին սահմանադրության հաստատումից գրեթե անմիջապես հետո։ Անհրաժեշտությունից ելնելով իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք ենթադրում են նաև կադրային փոփոխություններ։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ